Տերը խոսեց Ամաթի որդի Հովնանի հետ և ասաց. «Ելի՛ր և գնա՛ Նինվե մեծ քաղաքը և քարոզի՛ր այնտեղ, քանի որ նրա չարության համբավը հասավ ինձ»։ Սակայն Հովնանը ելավ Տիրոջ ներկայությունից փախչելու Թարսիս։ Իջավ Հոպպե, գտավ մի նավ, որը Թարսիս էր գնում, վճարեց գինը և մտավ նավ` նրանց հետ նավարկելու դեպի Թարսիս (ենթադրվում է` Իսպանիա)` Տիրոջ ներկայությունից հեռու (Ա1-3)։
Սույն գրվածքն ընդգրկված է մարգարեների գրքերի մեջ, թեև առաջին հայացքից տարբերվում է դրանցից: Գիրքը մարգարեական խոսքերի շարան լինելու փոխարեն իրենից մի շարունակական պատմություն է ներկայացնում և բաղկացած է երեք տեսարաններից, ուր մարգարեին, թվում է, երկրորդական դեր է հատկացված: Առաջին երկու տեսարաններում, Աստծու խոսքը ստանալուց հետո, նա լուռ է ու մեկուսացած, մինչդեռ նրանք, ում նա դիմում է, անցնում են գործի: Դրանք նավաստիներն ու Նինվեի բնակիչներն են և, կարծես թե, ընթերցողին հրավիրում են սեփական անձը նրանց մեջ տեսնելու և ընդօրինակելու նրանց: Երրորդ տեսարանում, ուր Հովնանը միայնակ է մնում Տիրոջ առաջ, գիրքն իր գագաթնակետին է հասնում. այստեղ են մարգարեի ամենակարևոր աղոթքներն ու Աստծու՝ մարգարեի ծառայությանն ուղղված կարևորագույն բացահայտումները:
ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Այս ամենից երկու վարդապետությունների ենք հանգում: Առաջինն այն է, որ գիրքը մեզ ցույց է տալիս այն ներքին փորձառությունը, որը ձեռք է բերում յուրաքանչյուր մարգարե: Նա նախ և առաջ խորապես համոզված է, որ Աստված կամենում է փրկել մարդուն (Դ 2): Սակայն նա իր ծառայությանը սովորաբար պետք է ձեռնամուխ լինի չարությունը խստագույնս քննադատող խոսքերով, իսկ այս հանգամանքը նրան տանում է իր ժամանակակիցներին հակառակ հոսանքով և փորձության ենթարկում ու մեկուսացնում նրանցից: Այնուամենայնիվ, որքան էլ մարգարեն հալումաշ լիներ ու վախենար խոսելուց մարդկանց հետ (Ա 1-16) կամ համաձայներ քարոզիչ դառնալ՝ միայն կատարված փաստի հետ հաշտվելով (Գ 1-10), նրա խոսքը, ի հեճուկս իրեն, կարող էր արդյունավետ լինել, ինչպես դա երևում է նավաստիների, ծովի, հողմի, կետ ձկան, Նինվեի բնակչության, անասունների և բույսի պարագայում:
Երկրորդ ուսուցումը բխում է այն խոսքի բովանդակությունից, որն Աստված պահանջում է ազդարարել: Աստված, Ով հայտնեց Իրեն Իսրայելին իբրև ողորմած, այսինքն՝ կարեկցող ու փրկող, այժմ հայտարարում է, որ Ինքը ողորմած է նաև Նինվեի բնակչության նկատմամբ:
Գրքի գաղափարն այն է, որ Աստված ապաշխարության միջոցով փրկություն կարող է շնորհել ոչ միայն հրեաներին, այլև հեթանոսներին: Տերը միայն հրեաների ազգային Աստվածը չէ, այլև բոլոր մարդկանց: Աստվածապետությունը տարածվում է ողջ մարդկության վրա. Աստծու արքայություն կմտնեն նաև հեթանոսները, որովհետև դեպի Նա տանող ճանապարհը՝ բարոյական կատարելագործությունը, մեկ է բոլորի համար:
Բացահայտելով այս միտքը իրական պատմության մեջ՝ Հովնանի գիրքը նախապատրաստում էր հրեաներին Մեսիայի արքայության հոգևոր ու համապարփակ գաղափարի ընկալմանը:
«Նինվեացի մարդիկ հավատացին Աստծո պատգամին, պահեցողություն հայտարարեցին և մեծից մինչև փոքրը քուրձ հագան։ Հովնանը դուրս ելավ այդ քաղաքից, նստեց քաղաքի դիմաց, իր համար ամպհովանի պատրաստեց և նստեց դրա տակ, մինչև որ տեսնի, թե ինչ պիտի պատահի քաղաքին։ Եվ Աստված հրամայեց դդմենուն, որը բարձրացավ Հովնանի գլխի վրա` նրան հովանի դառնալու, զովացնելու նրան և ազատելու նրան տանջանքներից։ Հովնանը չափից շատ ուրախացավ դդմենու համար։
Եվ հաջորդ օրը վաղ առավոտյան Աստված հրամայեց որդին, որը կերավ դդմենին, և այն չորացավ։ Եվ Աստված ասաց Հովնանին. «Իսկապե՞ս խիստ ես տխրել դդմենու համար»։ Հովնանն ասաց. «Մահու չափ տխրել եմ»։ Տերն ասաց. «Դու ափսոսացիր դդմենուն, որի համար ոչ մի ջանք չթափեցիր, չսնեցիր այն. նա գիշերը բուսնեց և մյուս գիշեր կորավ։ Իսկ Ես չխնայե՞մ Նինվե մեծ քաղաքին, որտեղ ապրում է ավելի քան 120 հազար մարդ (եբր.` երեխա), որոնք իրենց լավն ու վատը չիմացան, ինչպես նաև շատ կենդանիներ» (3.5 4. 5, 6, 7, 9-11)։
ԳՐՔԻ ԷՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԾԱԳՈՒՄԸ
Հովնանի գրքի պատմականության օգտին խոսող հնագույն վկայությանը հանդիպում ենք «Տոբիթի» և Գ «Մակաբայեցիների» գրքերում: Դրանցում հաստատվում է Հովնանի գրքի բոլորից շատ առարկությունների տեղիք տված երկու գլխավոր փաստերի պատմական ընկալումը. մարգարեի՝ երեք օր կետի փորում գտնվելը (Գ Մակաբ. Զ 7) և նրա քարոզները Նինվեում (ԺԴ 10): Այնուհետև Հովսեպոս Փլաբիոսը, իր «Հրեական հնախոսություն» գրքում (9-րդ գիրք, 2-րդ գլուխ) վերարտադրելով Հովնանի գրքի բովանդակությունը, այն համարում է իրական պատմություն: Հովնանի գրքի պատմական բնույթի ընկալման դեպքում միայն գրվածքը կարող էր հինկտակարանյան եկեղեցին ընդգրկել Աստվածաշունչ գրքերի կանոնի մեջ. հորինված կամ իրականությունն աղավաղող երկասիրությունը չէր կարող այդքան մեծ հարգանք վայելել: Նրանից հետո հին քրիստոնեական Եկեղեցին ևս պատմական առումով էր ընկալում և մեկնում Հովնանի գիրքը: Նա տվյալ դեպքում հետևում էր Հիսուս Քրիստոսի անառարկելի հեղինակությանը: Ի պատասխան փարիսեցիների, ովքեր Նրանից նշան էին հայցում, ասաց, որ նրանց համար ամենամեծ նշանը կլինի Հովնանի՝ կետի փորի մեջ գտնվելը, «որովհետև ինչպես Հովնանը երեք օր ու երեք գիշեր կետի փորի մեջ էր, նույնպես և մարդու Որդին երկրի ընդերքում՝ երեք օր ու երեք գիշեր» (Մատթ. ԺԲ 40): Փրկչի այս խոսքերը համոզիչ կարող էին լինել միայն այն դեպքում, եթե Նա իրական փաստի մասին խոսեր:
Քրիստոսի հարության հրաշքի նշան կարող էր լինել մեկ այլ, դրա նման և անպայմանորեն պատմական (այլ ոչ թե հորինված) հրաշք: Քրիստոսը նմանապես հաստատում է նաև մեկ ուրիշ իրադարձություն՝ նինվեացիների ապաշխարության պատմական բնույթը: Նա ասաց. «Նինվեի մարդիկ դատաստանի ժամանակ վեր պիտի կենան այս սերնդի հետ և պիտի դատապարտեն նրան, որովհետև Հովնանի քարոզության վրա ապաշխարեցին, և ահա Հովնանից մեծը կա այստեղ» (Ղուկ. ԺԱ 32) :
Սիրաքը գիտեր Հովնանի գիրքը, քանզի խոսում էր տասներկու փոքր մարգարեների մասին (Սիրաք ԽԹ 12). նրա բովանդակությանը ծանոթ է նաև Տոբիթը (ԺԴ 8): Այն չէր կարող գրված լինել ն. Ք. 430-ից ավելի ուշ, քանզի այդժամ արդեն ընդգրկված էր հինկտակարանյան կանոնի մեջ: Գրքի բովանդակության բնույթը թելադրում է ենթադրել, որ այն գրվել է իր իսկ՝ Հովնան մարգարեի կողմից: Բացի նրանից, ոչ ոք չէր կարող իմանալ և այդքան կենդանի նկարագրել նրա հոգեկան կյանքի ամենանվիրական թրթիռները, ընդ որում դրանք այնպիսին էին, որ չէին ծառայում մարգարեի դրվատմանը: Անկասկած, հեղինակն այցելել է Նինվե և ծանոթացել նրա կյանքին ու բարքերին:
ԿԵՏԱՁԿԱՆ ՓՈՐՈՒՄ ԵՐԵՔ ՕՐ ՈՒ ԳԻՇԵՐ ՄՆԱԼՈՒ ՓԱՍՏԸ ԵՎ ՄԵՐՕՐՅԱ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
«Մակերեսային և անհավատ քննադատները,- ասում է գիտնական Արթուր Գուկը,- կարծում են, թե իբր խանգարող շատ հանգամանքներ կան կետաձկան կողմից Հովնանին կուլ տալու, նրա փորում «երեք ցերեկ և երեք գիշեր» մնալու, ապա և Հովնանին ցամաք նետելու իրական փաստն ընդունելու համար»։
Բոլորին էլ հայտնի է, որ Սուրբ Գրքի (իմա` Հին Կտակարանի- Գ.Դ.) բնօրինակը եբրայերենն է։ Իսկ կետը եբրայերենում «թանին» է, այնինչ Սուրբ Գրքում աստվածաշնչյան ծովային այդ էակը, որ Հովնանին կուլ էր տվել, «դագ» է անվանված, որ թարգմանաբար նշանակում է «մեծ ձուկ» կամ «խորքերի հրեշ» (Հայոց բնագրերում կետ ձկան հետ գործածված է նաև «վիշապ ձուկ»- Գ. Դ.)։
Գիտությունը մեզ հուշում է, որ կետաձկան բազմապիսի տեսակներ կան։ Այսպես, օրինակ` կա մի տեսակ 60-65 ֆուտ` ոտնաչափ (մոտ 19 մետր) երկարությամբ, որի ստորին ծնոտի վրա հաշվվում է 44 ատամ։ Այս տեսակը, սակայն, շատ փոքր կոկորդ ունի. ինչը, հավանաբար, և առիթ է տվել պնդելու, որ Հովնանին չէր կարող կետը կլանել։
Կան նաև անատամ կետեր` այսպես կոչված կետոսկրավորներ։ Սրանց մեջ կա մի տեսակ, որը կոչվում է «Ֆին-Բաք»։ Այս կետաձկների երկարությունը հասնում է մինչև 88 ֆուտի (մոտ 27 մետր)։ Սրանց ստամոքսը 4-6 խցիկ կամ բաժին ունի, ընդ որում, դրանցից յուրաքանչյուրի մեջ ազատ կարող է տեղավորվել մարդկանց սակավաթիվ խումբ։ Այս տեսակ կետաձկները շնչում են օդով, գլխի մեջ ունեն օդի պահեստային խցիկ, որը քթախոռոչի շարունակությունն է։ Նախքան մի մեծ առարկա կուլ տալը «Ֆին-Բաքը» այն մղում է այդ խցիկը։ Իսկ եթե նրա գլխի մեջ հայտնված առարկան չափից դուրս մեծ է, ապա նա լողում է մերձավոր ափի ուղղությամբ, պառկում ծանծաղուտում և ազատվում բեռից։
Գիտության դոկտոր Ռանսոն Հարվեի վկայությամբ` իր ծանոթը (200 ֆունտ քաշով` մոտ 90 կգ) մեռած կետաձկան բերանով սողոսկել է այդ օդային խցիկը։ Այդ նույն գիտնականի պնդմամբ` կետորսական նավից ընկած շունը 6 օր անց հայտնաբերվում է կենդանի կետի գլխի մեջ։ Ասվածից հետևում է, որ Հովնանը կարող էր գտնվել այդպիսի մի կետի «փորում», այսինքն` օդային խցիկում` երեք օր և երեք գիշեր և ողջ մնալ։ Չէ՞ որ այդ խցիկի ծավալը հավասար է 686 խորանարդ ֆուտի (19,4 խմ)։ Այսպես` գիտական տվյալները ցույց են տալիս, որ Հովնանը կարող էր կլանվել նաև կետաձկան կողմից։
Ֆրանկ Բուլլենը` «Կաշալոտի լողը» աշխատասիրության նշանավոր հեղինակը, հաստատել է, որ կաշալոտը` կետաձկան տեսակներից մեկը, սատկելիս հաճախ փսխում է ստամոքսի ողջ պարունակությունը։
Սակայն բիբլիական «դագը» «մեծ ձուկ» է նշանակում։ Այստեղից կարող ենք եզրակացնել, որ Հովնանն իրապես ծովային մի էակի` մեծ ձկան կողմից էր կլանվել։ Հետևաբար, պետք է խոսել մի կաթնասունի մասին ևս, որը կետ-շնաձուկ կամ ոսկրային շնաձուկ է կոչվում։ Այս կաթնասունն իր անվանումը ստացել է ատամներ չունենալու պատճառով։ Նրա երկարությունը 70 ֆուտ (մոտ 21 մետր) է և իր սնունդն անցկացնում` մաղում է բերանի մեջ գտնվող եղջերաթիթեղների` կետոսկրի միջոցով։ Այս շնաձուկը բավական մեծ ստամոքս ունի, այնպես որ, նրա մեջ մարդ էլ կտեղավորվի։ Իսկ ինչ վերաբերում է Հովնանի` ծովային մեծ էակի փորում երեք օր ու երեք գիշեր գտնվելու և ողջ մնալու փաստին, ապա հարկ է նախ և առաջ ասել. «որ Աստծո համար ամեն ինչ կարելի է» (Մատթ. 19.16)։ Ապա անհետաքրքիր չի լինի հիշել «Լիթերարի Դայջեստի» հաղորդագրությունն այն մասին, որ մի նավաստու կլանել է կետ-շնաձուկը։ 48 ժամ (այսինքն` երկու օր ու երկու գիշեր) անց այդ շնաձուկը սպանվում է, որին հերձելուց հետո, ի մեծ զարմանս հավաքվածների, այդ կաթնասունի կլանած նավաստին ողջ-առողջ է գտնվում, միայն ուշագնաց վիճակում։ Ընդ որում, այդ շնաձկան փորում գտնվելը ոչ մի հետևանք չէր թողել նավաստու առողջության վրա, բացի մազածածկույթի կորստից և մաշկի վրա գոյացած մի քանի բշտիկներից։ Հետագայում նավաստին պատմում է, որ կետի որովայնում գտնվելիս միայն վախն իրեն հանգիստ չէր տալիս։ Ընդ որում, ամեն անգամ ուշքի գալիս և մտաբերելիս, թե ուր է ինքը, իսկույն ևեթ կորցնում էր գիտակցությունը։
Վերջերս Հավայան կղզիների մոտ ճապոնացի ձկնորսները մի վիթխարի շնաձուկ են սպանում։ Իսկ նրա ստամոքսում հայտնաբերվում է մարդու ամբողջական կմախք։ Պարզվում է, որ դա դասալիքների ցուցակի մեջ գրանցված մի զինվոր էր` ամերիկյան բանակի համազգեստով։
Այսպիսով, տեսնում ենք, որ Հովնանը կարող էր կլանվել «մեծ ձկան» կողմից` նույնիսկ առանց խախտելու բնության օրենքները։ Հօդս են ցնդում բոլոր «անհեթեթություններն ու հակասությունները»։ Հավաստի և անփոփոխ է Աստծո խոսքը. Նա երբեք չի կարող հակասել ճշմարիտ գիտությանը։ Սա դեռևս հաստատել է ռուսական գիտության հայր Լոմոնոսովը։ Բայց, այնուամենայնիվ, հարկ է ասել, որ մեզ` հավատացյալներիս համար պարզից էլ պարզ է, որ Հովնան մարգարեի դեպքում գործել է Աստծո զորությունը։ Քանզի Տերը, իբրև բնության օրենքների Արարիչ, ազատ կամք ունի կառավարելու դրանք, եթե դրա կարիքը կա` Իր ամենակարող նախախնամական զորությամբ։
Հանճարեղ գիտնական Պասկալն ասել է. «Բանականության վերջին քայլը կայանում է նրանում, որ ընդունի բազմաթիվ այնպիսի բաների գոյությունը, որոնք դուրս են մեր ճանաչողության սահմաններից, իսկ եթե բանականությունը հասու չէ այդ հասկանալու, ապա դա բավական տկար բանականություն է»։ Ռոբերտ Մայերն ասում է. «Եթե մակերեսային մտքի տեր մարդիկ պարծենում են վերին, գերբնական և գերզգայական իմանալի աշխարհի գոյության իրենց մերժմամբ, ապա առանձին մարդկանց այդպիսի թշվառ տեսակետի համար չի կարելի մեղադրել գիտությանը»։
Թարգմանական այս քաղվածքները կցանկանայինք եզրափակել մի իրական սրամիտ, բայց և ուսանելի պատմությամբ։ Մի մտավորական Հովնանի մասին իր ժխտողական վերաբերմունքով անվերջ նեղում է մի հոգևորականի, թե իբր կետաձկան փորում մնալն անհնար բան է մարդու համար և գիտությանը հակասող։ Ի վերջո, հոգևորականը, ձանձրացած նրա անտեղի և հոգնացուցիչ հարցերից, ասում է. «Եթե Աստվածաշնչում գրված լիներ, որ Հովնանն է կուլ տվել կետ-ձկանը, ես դրան էլ կհավատայի»։
Տպագրության պատրաստեց Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆԸ